Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

09.04.2024 - 05.05.2024

Մոդեռն ոճը Հայաստանի ազգային պատկերասրահում

ՀԱՊ-ի հավաքածուն, որը ներառում է հայկական, ռուսական, եվրոպական արվեստի տարբեր դպրոցներին պատկանող վարպետների ստեղծագործություններ, թույլ է տալիս լուսաբանել այնպիսի բազմադեմ երևույթի տարբեր կողմերը, ինչպիսին է «մոդեռն ոճը»: Ցուցահանդեսը բացահայտում է ազգային վարպետների ներդրման առանձնահատկությունները գեղագիտական այս ուղղության շրջանակում, որը հայտնի է իր գաղափարների և մտահղացումների բազմազանությամբ, որոշում է յուրաքանչյուրի արժանի տեղը դրանում: Մոդեռնին է պատկանում նաև եվրոպական և արևելյան ավանդույթների համադրման փորձը՝ հայկական գեղանկարչական դպրոցի կարևոր որակներից մեկը: Գեղարվեստական այս դրսևորման ցայտուն վկայությունն է հայտնի վարպետներ Գ. Յակուլովի, Վ. Սուրենյանցի, Հ. Կոջոյանի, Հ. Գյուրջյանի, Մ. Սարյանի արվեստը, նրանց, ովքեր մեծապես հետաքրքրված էին ինչպես Եվրոպայի նորագույն ուղղություններով, այնպես էլ Արևելքի երկրների մշակույթով, միևնույն ժամանակ չկորցնելով սեփական մշակութային հիշողության հիմնական առանցքը:

Ցուցահանդեսը ներկայացնում է նաև ռուսական մոդեռնի տարաբնույթ կողմերը բնորոշող նկարիչների ստեղծագործություններ՝ Մ. Վրուբելի, Ա. Գոլովինի, Վ. Բորիսով-Մուսատովի, Մ. Նեստերովի, Կ. Սոմովի, Լ. Բաքստի, Մ. Դոբուժինսկու, Ա. Բենուայի, Վ. Սերովի և այլոց: Այստեղ գերակշռում են «Միռ իսկուստվա» միավորման առաջատար վարպետները: Նրանց արվեստում մոդեռն ոճը առավել ցայտուն դրսևորվել է բեմանկարչության բնագավառում, որը բացահայտում է ուղղության հատուկ որակները՝ արտահայտչալեզվի փոխաբերական բնույթը, ձգտումը դեպի սիմվոլիկա, դիտարժանություն, դեկորատիվություն, ձևերի ու գույների հարստություն: Ցուցահանդեսն ընդգրկում է հայտնի նկարիչների գլուխգործոցներ՝ Վ. Սերովի վրձնած Մ. Ակիմովայի դիմանկարը, Մ. Վրուբելի աշխատանքները, Վ. Կանդինսկու «Արևելյան սյուիտը» և փորագրանկարները. այս ամենը բազմապիսի միտումների համադրության օրինակ է՝ մոդեռնի սիմվոլիկայից դեպի արտահայտչականություն, անառարկայություն, որոնք ուղեկցում են նոր արվեստի ծնունդը:

Ցուցադրությունը ներկայացնում է Լ.Անկետենի և Թ. Ստեյնլենի ստեղծագործությունները. այս նկարիչների անվան, իրենց երկերի հետ են կապված ոճի ակունքները: Մոդեռնը ուղղակիորեն առնչվում է գրաֆիկայի, այդ թվում նաև գրքային գրաֆիկայի աննախադեպ վերելքի հետ, այն իրական հեղաշրջում է կատարել կիրառական արվեստի բնագավառում՝ հաղորդելով գեղարվեստական բացառիկ նշանակություն: Այստեղ ցուցադրվում են տարբեր դպրոցների գրքային նկարազարդումների փայլուն նմուշներ, դեկորատիվ-կիրառական արվեստի եվրոպական խոշոր վարպետների գործեր, ինչպիսիք էին Ռ. Լալիկը և Է. Գալլեն: Պատկերային և ոչ պատկերայյին սկզբունքների համաձուլումը ոճի բնորոշ կողմերից է: Արվեստագետները համադրում էին տարբեր նյութեր, ստեղծում տարբեր ձևեր, նպաստում գեղարվեստական արդյունաբերության ճյուղերի զարգացմանը, ինչպիսին է, օրինակ, գունավոր ապակին Ֆրանսիայում և այլն: Է. Գալլեին նվիրված մահախոսականում ասվում էր, որ «խեցեգործությունը, կահույքն ու ապակին արտացոլում էին նրան շրջապատող աշխարհի բնության կախարդական պատկերը»:

Ցուցահանդեսում տեղ են գտել նաև աշխատանքներ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից:

Ցուցահանդեսի համադրող՝ Իրինա Բաղդամյան 

 

Մշտական
ցուցադրություն

Անհայտ հայ նկարիչ, 18-րդ դար

Տիրամայրը Մանկան հետ

կտավ, յուղաներկ
77x63,5/79x56 սմ