Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

20.10.2023 - 01.11.2023

Զարթոնքի վկաներ. Լուսանկարիչ Աբդուլլահյան եղբայրներ

Լուսանկարչության պատմությունը անմիջականորեն կապված է Միջին Արևելքի հետ: 1839 թվականին նոր գյուտից հետո լուսանկարիչները շտապեցին վավերագրել Փոքր Ասիայի բիբլիական և պատմական վայրերը Օսմանյան կայսրությունում: Արևմուտքի լսարանի համար ստեղծված Արևելքի այս վաղ պատկերները ամրապնդում էին անցյալի մեջ մխրճված ու եվրոպական տերությունների գաղութացմանը սպասող երկրամասի կարծրատիպը: Տեղական լուսանկարչությունը սկսեց զարգանալ միայն 1858-ից հետո, երբ ստամբուլահայ երեք եղբայրներ գերմանացի մի քիմիկոսից ձեռք բերեցին լուսանկարչական լաբորատորիա՝ այդպիսով սկիզբ դնելով Միջին Արևելքի ժողովուրդների ու մշակույթների ինքնաներկայացման նոր դարաշրջանի։
Վիչեն (1820–1902), Հովսեփ (1830–1908) և Գևորգ (1839–1918) Աբդուլլահյանները (արաբերենից թարգմանաբար՝ Աստվածատուրյան) սերում էին հայ-կաթոլիկ վաճառական ընտանիքից, որը սերտ կապեր ուներ ինչպես Օսմանյան արքունիքի, այնպես էլ հայ մտավորականության հետ։ Խելամիտ կերպով օգտագործելով այդ կապերը՝ եղբայրները շուտով նշանակվեցին սուլթան Աբդուլազիզի պաշտոնական պալատական լուսանկարիչներ և ստեղծեցին «Աբդուլլահյաններ եղբայրներ» Օսմանյան կայսրությունում առաջատար լուսանկարչական արվեստանոցը։
Ստամբուլում, Կահիրեում և Իզմիրում գտնվող իր մասնաճյուղերով արվեստանոցը լայնածավալ ձեռնարկատիրություն էր, որի հաճախորդների թվում էին տեղի և միջազգային էլիտաները, մշակութային շրջանակները և մեծաքանակ զբոսաշրջիկները: Իր ցայտուն դիմանկարներով ճանաչված արվեստանոցի համբավը մեծամասամբ նաև հիմնված էր Օսմանյան կայսրության տարբեր կողմերը՝ հարուստ ճարտարապետական ժառանգությունից և տարաշխարհիկ բնապատկերներից մինչև բազմազգ բնակչությունը և արդիականացման նախագծերը վավերագրող պատկերների հսկայական հավաքածուի վրա: Այս լուսանկարները լայնորեն տարածվում էին աշխարհով մեկ զբոսաշրջային առևտրի, ակադեմիական շրջանակների և մամուլի միջոցով՝ օգնելով ձևավորել Միջին Արևելքի մասին գլոբալ պատկերացումները՝ որպես արմատական վերափոխումների եզրին գտնվող հնագույն մի երկրամասի։
Թեպետ այսօր Աբդուլլահյան եղբայրները մեծ ճանաչում ունեն որպես տարածաշրջանում տեղային լուսանկարչության հիմնադիրներ, նրանց ժառանգության բազմազան դրսևորումներն ու նշանակությունները դեռ կարիք ունեն պատճաշ վերլուծության: Արևելքի իրենց պատկերներում հաճախ հենվելով օրիենտալիստական խնդրահարույց հիմունքների վրա՝ եղբայրները միաժամանակ զարգացնում էին լուսանկարչությունը նոր ուղղություններով։ Տեսախցիկն ուղղելով դեպի փողոցներ ու հանրային միջոցառումներ՝ նրանք ստեղծում էին վավերագրական և ռեպորտաժային լուսանկարչության նախատիպերը։ Էլ ավելի քիչ է գիտակցված նրանց ներդրումը 19-րդ դարի հայկական «զարթոնքում», որում նրանք ակտիվ դեր են խաղացել որպես հայկական մշակութային արդիականության ջատագովներ՝ գիտնականների, արվեստագետների, ճարտարապետների և քաղաքական առաջնորդների հետ իրենց համագործակցության միջոցով։
«ՄանԲան» տեսողական մշակույթի արխիվի հավաքածուի վրա հիմնված և Ազգային գրադարանի և Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի կարևոր նմուշներով համալրված «Զարթոնքի վկաները» Աբդուլլահյան եղբայրների ստեղծագործությունների Հայաստանում առաջին հետահայաց ցուցադրությունն է, որն ուրվագծում է արվեստանոցի գործունեությունը 1860-ականների սկզբից մինչև դրա փակումը 1899-ին: Ընդգծելով եղբայրների առնչությունները 19-րդ դարի լուսանկարչության տարբեր ժանրերի և ոճերի հետ՝ ցուցադրությունը նպատակ ունի բացահայտելու նրանց աշխատանքին բնորոշ հակասություններն ու բարդությունները և միաժամանակ ներկայացնելու այն հղկված և արդիական գեղագիտական որակները, որոնք այս արվեստանոցին բերել են միջմշակութային նման հաջողություն։
Ներառելով Աբդուլլահյան եղբայրների շրջանակում գործող այլ օսմանահայ լուսանկարիչների աշխատանքներ՝ ցուցահանդեսը շեշտադրում է հայկական լուսանկարչական ցանցերի գերիշխող և եզակի դիրքը 19-րդ դարի Միջին Արևելքում, բացահայտում է հայ «պատկերահանների» բացառիկ ներդրումը համաշխարհային ժամանակակից տեսողական մշակույթի զարգացման գործում։


Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի ազգային պատկերասրահի և «ՄանԲան» տեսողական մշակույթի արխիվը Ե. Չարենցի գրականության և արվեստի թանգարանի և Հայաստանի ազգային գրադարանի մասնակցությամբ։
Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

 

ՎԻԳԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ

 

ցուցահանդեսի համադրող

 

 

Մշտական
ցուցադրություն

Տրոպինին Վասիլի Անդրեևիչ

Ա. Հ. Լազարյանի դիմանկարը (1810-ական թթ.)

կտավ, յուղաներկ
91x76 սմ