Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

21.07.2023 - 31.07.2023

Նվիրատուներ և Նվիրատվություններ. Սուրեն Սաֆարյան

 Հայաստանի ազգային պատկերասրահում` Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում, տեղի ունեցավ Հայաստանի ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի (1923-1988) 100-ամյակի առթիվ «ՀայՓոստի» թողարկած փոստային բացիկի մարման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդեց «Նվիրատուներ և նվիրատվություններ. Սուրեն Սաֆարյան» ցուցահանդեսի բացումը:

Փոստային բացիկի վրա պատկերված են Սուրեն Սաֆարյանի «Սայաթ-Նովա» (1963) և «Ինքնադիմանկար» (1981) ստեղծագործությունները:

Ցուցահանդեսն ընդգրկում է արվեստագետի ժառանգների նվիրաբերած պատմա-հայրենասիրական թեմայով գեղանկարչական և գրաֆիկական գործեր, որոնք հարստացնում են հեղինակի աշխատանքների հավաքածուն Պատկերասրահում: Մասնավորապես «Ազատարարները» (1960) մեծադիր կտավը Սաֆարյանի այն երկերից է, որը մնայուն հետք է թողել հայ գեղանկարչության պատմության մեջ: Ցուցադրությունը լրացնում են հեղինակի՝ Ազգային պատկերասրահի ֆոնդապահոցներից ընտրված տարբեր ստեղծագործություններ, որոնք ամբողջացնում են զանգեզուրյան թեման: Ժայռոտ բնանկարները, հայ կնոջ խառնվածքն ընդգծող տարազներով և ազգագրական տարրերով դիմանկարները վեր են հանում հայ ժողովրդի պատմական անցյալը:


Ցուցահանդեսի համադրող՝ Մարգարիտա Խաչատրյան

Մշտական
ցուցադրություն

Անհայտ վարպետ

Շաքարաման (19-րդ դար)

քարե զանգված, կաղապարում, ծեփակերտում, ռելիեֆ
բարձ.14 սմ